Դատարանն այսօր մեղավոր ճանաչեց Նիկոլ Փաշինյանի շարասյանն ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին: Երեք տարի առաջ նրա ավտոմեքենայի հարվածից էր մահացել 28-ամյա հղի Սոնա Մնացականյանը։ Դատարանը հաստատեց տուժողի իրավահաջորդի պնդումները՝ ոստիկանության մայորը գերազանցել է արագությունը և լքել դեպքի վայրը՝ առանց օգնություն ցուցաբերելու։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը հրապարակեց միայն վերդիկտը, որը հաստատում է բացառապես մեղավորությունը։ Պատժի չափը կքննարկվի օգոստոսի 13-ին, երբ կհրապարակվի դատարանի վերջնական վճիռը. - «Մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված 244 հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներում: Արամ Նավասարդյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը թողնել անփոփոխ»:
Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, սակայն դատարանը վերջնական վճիռը կհրապարակի միայն մեկով՝ երթևեկության կանոնների խախտմամբ մահվան ելքով վրաերթի համար, որով սահմանվում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Երկրորդ հոդվածով՝ վթարի վայրը լքելը, պատիժ չի սահմանի, սա 2022-ից այլևս քրեական հանցանք չէ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը նշեց՝ գոհ են վերդիկտից. «Եթե մենք դժգոհ լինենք պատժաչափից, միայն այդ ժամանակ կբողոքարկենք դատական ակտը»:
Տուժող կողմը 3 տարի շարունակ անարդար էր համարում նաև այն, որ Արամ Նավասարդյանը վրաերթից հետո, ընդամենը մի քանի օր է մնացել անազատության մեջ, ավելին՝ աշխատանքից չի ազատվել: Ինքը՝ Նավասարդյանը, այսօր մեկնաբանություն չտվեց: Բայց երեկ՝ դատարանում խախտեց 3 տարվա լռությունը. ցավակցեց Սոնա Մնացականյանի ընտանիքին, ասաց՝ սգում է նրա մահը, բայց իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
«Ցավակցություններս եմ հայտնում տուժողի հարազատներին ու սգում նրա մահը, մի ցավ էլ ինձ է պատճառում: Հուսով եմ դատարանը կառաջնորդվի ոչ թե մի խումբ անձանց ճնշումներով, այլ օրենքի տառով, իմ գործողությունները կգնահատի ինձ վերաբերելի իրավական նորմերով ու կկայացնի արդարացման վերդիկտ», - ասաց նա:
Նավասարդյանի փաստաբանը դատարանին մեղադրեց փորձաքննության իր 4-րդ միջնորդությունը մերժելու համար
Նավասարդյանն այսօր վերդիկտը լսեց առանց փաստաբանների: Նրանցից Ռուբեն Բալոյանն «Ազատությանն» ասաց՝ մարզում այլ նիստի է մասնակցում: Մեղադրանքը ծայրից ծայր անհիմն որակեց ու հավելեց՝ կբողոքարկեն վերջնական վճիռը: Բալոյանը դատարանին մեղադրեց փորձաքննության իր 4-րդ միջնորդությունը մերժելու համար, նշելով, որ այդ կերպ խախտվել է իր պաշտպանյալի արդար դատաքննության իրավունքը: Նա կարծում է՝ փորձագետն աճպարարությամբ է զբաղվել ու տեսանյութը կադրերով ուսումնասիրելու ժամանակ հանել կենտրոնի կադրը, այդպիսով եզրակացրել, թե Նավասարդյանը գերազանցել է արագությունը, 100 կմ/ժամի փոխարեն վարել է 108 արագությամբ: Դատախազներից էլ է դժգոհ, նրանց գործողություններն էլ կբողոքարկի:
Բալոյանը ինչպես երեկ, այնպես էլ այսօր պնդեց՝ արագության հարցն Արամ Նավասարդյանը չի որոշում, այլ շարասյան ղեկավար կազմը, իսկ խաչմերուկ նա մուտք է գործել՝ ենթարկվելով կարգավորող տեսուչի հրահանգներին:
Իսկ երեկ Բալոյանը դատարանում ընթերցեց Արամ նավասարդյանի ցուցմունքից մի հատված. - «Նախքան խաչմերուկ մուտք գործելը՝ ռադիոկապի միջոցով արդեն իսկ տեղեկացված եմ եղել, որ խաչմերուկում երթևեկության անվտանգությունն ապահովված է: Հասնելով խաչմերուկին, տեսել եմ կարգավորողի հստակ ազդանշան դեպի Պարոնյան փողոց մուտք գործելու թույլտվության մասին, որի պայմաններում էլ երթևեկությունը շարունակել եմ»:
Իր վերջին ասուլիսում վարչապետ Փաշինյանը հղի կնոջը վթարի ենթարկած իր ավտոշարասյունը համեմատել էր հանրային տրանսպորտի հետ ու հայտարարել. - «Ես ղեկին եղած լին եմ մեքենաներից մեկի, հասկանամ՝ ինչ կապ ունեմ ես դրա հետ: Ցավակցել եմ, ցավակցում եմ, ի՞նչ անեմ ես, ես նույնիսկ վկա չեմ այդ գործով, որ գնամ վկայության, որովհետև չեմ էլ տեսել, մեքենայի մեջ նստած եմ եղել, մեքենայի մեջ շարունակել եմ նստած մնալ: Ասենք՝ դուք մետրոյի վերջին վագոնում նստած եք, առաջին վագոնը գնում մարդ է վրաերթի ենթարկում, դուք ի՞նչ կապ ունեք այդ դեպքի հետ»:
Տուժող կողմի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը չի ցանկանում մեկնաբանել վարչապետի այս խոսքերը, ասաց՝ դրանք իրավական տիրույթում չեն տեղավորվում, բայց շեշտում է՝ Փաշինյանի խոսքերի իսկությունը կպարզվի, եթե բացահայտվի, թե ինչպես են անհետացել վարչապետի շարասյանի ռադիոկապի ձայնագրությունները։ Այս հարցով իրավապահներին է դիմել ու կարծում է՝ ձայնագրությունները կարող են բացահայտել՝ շարասյան վարորդին ինչ հրահանգներ են տրվել:
«Պաշտպանն ի՞նչ է ակնարկում, որ արագության պատասխանատուն Արամ Նավասարդյանը չի»
Գլխավոր դատախազությունից պատասխան է ստացել, ըստ որի, իրավական տեսանկյունից շարասյան ղեկավարներին պատասխանատվության ենթարկելն անհնար է, քանի որ թեև կառավարության որոշմամբ նրանք էին պատասխանատու արագության համար, բայց դրա իրագործման համար իրավական մեխանիզմներ չկան:
Ասլանյանի գնահատմամբ՝ այդ բացը շահարկվել է, որպեսզի ղեկավար կազմը խուսափի պատասխանատվությունից: Դեպքից հետո ասաց՝ կառավարությունը փոխել է կարգավորումը, այժմ արագության համար անձնական պատասխանատվությունը վերապահվում է միայն վարորդին։ Փաստաբանը կարծում է, որ այս փոփոխությունը արվել է, որպեսզի ապագայում նույնպես ղեկավարները պատասխանատվություն չկրեն։
Այս մասով Ասլանյանի դիմումները մինչ այժմ մնում են իրավական շրջապտույտի մեջ՝ քննչական մարմին, դատախազություն, դատարան ու կրկին հետ՝ նոր քննության։ Իսկ վաղեմության ժամկետը լրանում է մեկ տարուց։
«Տեսնեինք՝ ո՞վ հրահանգեց: Պաշտպանն ի՞նչ է ակնարկում, որ արագության պատասխանատուն Արամ Նավասարդյանը չի, անընդհատ դա է ակնարկում, այսինքն, մարդուն գուցե ասել են արագացրու, պաշտպանական եզրափակիչ ելույթները, եթե լսում ենք, տպավորությունն էն է, որ Արամ Նավասարդյանը քավության նոխազ է դարձել շարասյան ղեկավար կազմի մոտ: Եթե այդպես է, պաշտպանության կողմը պարտավոր է, և Արամ Նավասարդյանը թող ցուցմունք տա դրա մասին, թե արդյոք իրեն արագության վերաբերյալ ցուցում տրվել է», - ասաց Րաֆֆի Ասլանյանը:
Հղի կնոջ ընտանիքի փաստաբանը տարակուսում է՝ թեև Արամ Նավասարդյանը պնդում է, որ արագության կարգավորումն իր լիազորությունը չէ, այլ շարասյան ղեկավար կազմի, բայց դրան զուգահեռ չի ընդունում, որ ինքը գերազանցել է արագությունը՝ դեռ խաչմերուկ չմտած ավելի արագ է վարել, ըստ փորձագետների, իսկ խաչմերուկ է մտել արդեն 108 կմ/ժամ արագությամբ: Հղում անելով փորձագետներին՝ ասաց՝ հենց դա է խանգարել նրան ժամանակին արգելակել:
Նավասարդյանի փաստաբանը պնդում է՝ Սոնա Մնացականյանն է խախտել ճանապարհային երթևեկության կանոնները
Նավասարդյանի փաստաբան Բալոյանը ոչ միայն այս պնդումը չի ընդունում, այլև կրկնում է՝ Սոնա Մնացականյանն է խախտել ճանապարհային երթևեկության կանոնները, հայտնվել խաչմերուկի վտանգավոր գոտում, իսկ մահվան վտանգն առաջացել է այն դեպքում, երբ հետքայլ է արել:
«Ինքը հետքայլի ժամանակ է վրաերթի ենթարկվել: Երբ խաչմերուկում կա կարգավորող, ուրեմն չեն գործում ճանապարհային նշանները, գժանշումները և լուսացույցի ազդանշանները: Լավ, ինչքա՞ն պիտի բացատրենք, որ եթե կարգավորող կա, ուրեմն Սոնա Մնացականյանը կանաչ լույսի տակով չի անցել, անցել է կարմիր լույսի տակով, այսինքն՝ կարգավորողի արգելող ազդանշանի տակ է ճանապարհը հատել», - ասել է նա:
Դատական երեկվա նիստում, Բալոյանի այս խոսքերը զայրացրին Սոնա Մնացականյանի հորը, ընտանիքը շարունակ պնդում է, եթե խաչմերուկը պատշաճ փակ լիներ, Սոնան չէր հայտնվի խաչմերուկի վտանգավոր գոտում:
Բալոյանը դատարանում երեկ հայտարարեց՝ գործը քաղաքականացվում է, հարցրեց՝ ո՞վ է կանգնած այս ամենի հետևում, հետո շարունակեց, թե Սոնա Մնացականյանը քաղաքական հայացքներով պայմանավորված դիտավորյալ չի զիջել վարչապետի շարասյանն ու չի ենթարկվել խաչմերուկը կարգավորող ոստիկանի հրահանգներին
Րաֆֆի Ասլանյանն արձագանքեց՝ տպավորություն է, թե վարորդ Արամ Նավասարդյանն ընդդիմադիր գործչի վարորդ է, այլ ոչ թե վարչապետի շարասյանն ուղեկցող բարձրաստիճան ոստիկան: