Փորձագետ Գագիկ Մակարյանը համոզված է՝ վերջին մի քանի ամիսներին Վրաստանը խախտելով տրանզիտի կանոնները, ոչ միայն խոչընդոտում է հայկական կոնյակի մուտքը ռուսական շուկա, այլև խմիչքի որակի ստուգման պատրվակով, ուսումնասիրել է հայ տնտեսվարողների փաստաթղթերն ու արդեն տիրապետում է կարևոր տեղեկությունների` բաղադրությունից սկսած: Փորձագետը չի բացառում, որ հարևան Վրաստանը ձեռքի տակ ունենալով հայ տնտեսվարողների առևտրային գաղտնիքները, շուտով շուկա կմղի իր կոնյակը՝ մրցակցային ավելի ձեռնտու առաջարկներով:
«Տարբեր ինֆորմացիաները համադրելով ես կարող եմ ասել, որ Վրաստանը փաստորեն լուրջ տրամադրություններ ունի մեծացնելու կոնյակի արտահանումը դեպի Ռուսաստան ու ԵԱՏՄ: Ընդ որում՝ իրենք նաև այդ կոնյակի արտահանման համար արդեն կարող եմ ասել, որ գողացել են մեզնից ինֆորմացիան ու այդ ինֆորմացիան օգտագործելու են՝ ինչ քանակի կոնյակ, ռուսական որ ընկերությանն է վաճառվում, ինչ գնով է վաճառվում: Այսինքն՝ իրենք մարկետինգային հսկայական ինֆորմացիա մեզնից գողացան: Երբ որ նման ինֆորմացիայի տիրապետում ես, արդեն շատ հեշտ է մրցակցություն զարգացնելը», - նշեց Մակարյանը:
«Սոցիալ տնտեսական կենտրոնի» նախագահ Մակարյանը նախորդ շաբաթ հանդիպել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ասաց՝ խոսել են նաև հայկական կոնյակի արտահանման խնդիրների ու Ռուսաստանից Վրաստանի սահմանով Հայաստան ներմուծվող հեղուկ գազի խոչընդոտներից:
Տարիներ շարունակ հատկապես գինու և կոնյակի ոլորտն ուսումնասիրող փորձագետն ասում է՝ եթե Ադրբեջանն ու Վրաստանը նախկինում էականորեն զիջում էին Հայաստանին՝ կոնյակի քանակի, որակի ու արտահանման առումով, ապա վերջին մեկ տարում, իր տեղեկություններով, բարելավել են իրենց դիրքերը:
«Մենք արտահանում ենք մոտ 30 միլիոն շիշ կոնյակ դեպի Ռուսաստան, իսկ Վրաստանն արտահանում էր մոտավորապես 1,5 միլիոն շիշ, այսինքն, 20 անգամ պակաս, իրենք այդ քանակները մոտ երեք անգամ ավելացրել են: Այսինքն՝ Վրաստանի կողմից գնում է շատ անբարյացակամ պահվածք», - նշեց փորձագետը:
Մակարյանն ասում է՝ գրեթե ամենօրյա կապի մեջ է կոնյակագործների հետ, նրանցից խոշորներին առաջարկել է համախմբվել, ու ավելի բարձր որակի խմիչքի արտադրությունը զարգացնել, որովհետև այդ դաշտում ադրբեջանական ու վրացական ընկերությունները դեռ չեն կարող մրցակցել Հայաստանի հետ: Փորձագետի կարծիքով, սակայն, յուրաքանչյուրն առանձին է փորձում լուծել իր խնդիրը:
«Ցավոք սրտի, քանի Ռուսաստանն արդեն երկու տարի կլինի անընդհատ ասում է՝ «ինձ տվեք էժան կոնյակներ, ինձ որակը շատ չի հետաքրքրում, թող վրան լինի գրված կոնյակ, դա բավարար է ինձ», մերոնք այդ խայծը կուլ տվեցին և, ցավոք սրտի, որոշ գործարանները սկսեցին մատակարարել ցածր որակի կոնյակ, դրանով հարվածեցին մեր կոնյակի վարկանիշին: Պետությունը պետք է հավաքի, լուրջ խնդիրներ պետք է դրվեն իրենց առաջ ու պետք է միավորվածություն լինի, որպեսզի հայկական կոնյակն այսպես ջախջախիչ հարվածներ չստանա», - ընդգծեց Մակարյանը:
«Ազատության» հարցին՝ «արդյոք կառավարությունը կարողացա՞վ փաստաթղթեր դնել սեղանին ու վրացական կողմին ասել՝ դուք միջազգային կանոնակարգեր եք խախտում այդ լաբորատոր ստուգումներով, ինչո՞ւ չարվեց», փորձագետը պատասխանեց. - «Մեր կառավարությունը բավականին զգուշավորություն է դրսևորում Վրաստանի հետ հարաբերությունների պահպանման տեսանկյունից: Իմ կարծիքով, օրինակ, մեզ պետք չէ ավելորդ զգուշավորություն ունենալ, պետք է, այո, օրենքների լեզվով էլ խոսեինք ու ավելի կոպիտ խոսեինք: Լուրջ դերակատարություն ունի Հայաստանի մրցակցային հանձնաժողովը, որը պետք է Վրաստանի մրցակցային հանձնաժողովի հետ քննարկի այս թեման»:
Մակարյանը շարունակում է պնդել, որպես տրանզիտ երկիր, իր սահմանին ՌԴ շուկա գնացող խմիչքի որակը ստուգելով, Վրաստանը խախտել է տրանզիտային բեռների ազատ տեղաշարժի իրավունքը՝ դեմ գնալով Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին: Մինչև այսօր պետական մակարդակով չի հնչել այս հարցի պատասխանը՝ արդյոք այս հարցով Հայաստանը դիմե՞լ է Առևտրի համաշխարհային կազմակերպություն, կամ արդյոք Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիմե՞լ է Վրաստանի իր գործընկեր կառույցին:
Ի դեպ, դեռ նորություն չկա նաև էկոնոմիկայի նախարարի՝ Հակակոռուպցիոն կոիմտե ուղարկված դիմումից: Գևորգ Պապոյանը նախորդ շաբաթ էր դիմել կոմիտե, որ ստուգեն հեղուկ գազի ներկրման ընթացքում Վրաստանում վերցվող կաշառքի մասին շրջանառվող տեղեկությունները։ Կոմիտեից տեղեկացանք՝ քրեական գործ դեռ չի հարուցվել: Ի սկզբանե նախարարի այս դիմումը տարօրինակ էր թվացել այն վարորդներին, որոնք պնդում էին՝ վրացական անցակետերում իրենցից գումար են պահանջում, որ Ռուսաստանում հեղուկ գազով բեռնված մեքենան, թույլ տան հատի Հայաստան մտնի:
«Հակակոռուպցիոնն ի՞նչ պիտի անի վրացիներին, ինձ դա է հետաքրքրում: Վրաստանի մաքսային աշխատանքներին կամ ինչ-որ մեկին ի՞նչ պիտի անի», - ասաց վարորդների մեկը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում երկարատև ստուգումները շրջանցելու «հստակ մեխանիզմ կա, 1200 դոլարից ա սկսվում»Փորձագետ Գագիկ Մակարյանն ասում է՝ էկոնոմիկայի նախարարին փոխանցել է, որ կաշառքի մասին բողոքներ ինքն էլ է ստացել: Կարծում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն, ձեռքի տակ ունեցած ապացույցներով կարող է դիմել Վրաստանի Հակակոռուպցիոն կոմիտե, որ համատեղ բացահայտվի խնդիրը: Բայց թերահավատ է, թե խնդիրն այդպես կլուծվի:
«Զուտ վրացական կողմի ուշացնելը նսեմացնող, ստորացնող ճանապարհ էր՝ այնքան պահելու, որ կաշառք տան: Մոտավորապես մի շաբաթ առաջ, երբ հայտարարեց նախարարությունը, որ 141 մեքենա արդեն մի շաբաթվա մեջ անցել էր ու վերջում էլ 40 քանի մեքենա անցել էր, սահմանի վրա 3-4 մեքենա այդ պահին կանգնած էին, կաշառք չէին տվել, դրա համար էլ կանգնած էին մնացել: Այսինքն՝ ովքեր տվել էին, անցել էին», - ընդգծեց նա:
Մինչ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարբերաբար հայտարարում է, թե քանի մեքենա մտավ ու դուրս եկավ Վրաստան՝ գազով, կոնյակով կամ ծիրանով բեռնված, փորձագետ Մակարյանը հիշեցնում է՝ առջևում խաղողի մթերման սեզոնն է ու կոնյակի գործարանները չեն կարողանալու այդ բերքն ընդունել և մթերել: Ըստ նրա՝ թեև հեղուկ գազով բեռնված մեքենաները սկսել են ավելի շատ մտնել Հայաստան, այդուհանդերձ, վարորդների նշած կաշառքները, որ Վրաստանում ստիպված են վճարել, հետո ներկրողները ներառում են գնի մեջ, ինչի հետևանքով գազի գինը վերջին շաբաթներին զգալիորեն աճել ու չի իջել:
Վրաստանը հերքել է Հայաստանից հնչող մեղադրանքները՝ վստահեցնելով, թե այս ստուգումները սովորական մաքսային ընթացակարգեր են, հատուկ ոչինչ չկա, իսկ անցակետերը ծանրաբեռնված են: