«Ծուխը լցվում է, մարդիկ՝ շնչում». Նուբարաշենի բնակիչները կրկին ահազանգում են

Երևանի կենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հայաստանի ամենամեծ աղբանոցը երկրորդ օրն է՝ ծխում է։

«Ծուխը սաղ լցվում է, մարդիկ շնչում են», - ասաց տեղացիներից մեկը:

«Ամեն օր մի քիչ քամին էս կողմ եղավ, ողջ ժողովուրդը՝ ծխի մեջ, հոտի մեջ հոտ է շնչում, ծանր հոտ», - հավելեց մյուսը:


«Կրակ չկա, զուտ օջախներ են, և հողալցման աշխատանքներ են իրականացվում», - ասաց Երևանի քաղաքային աղբավայրի տնօրենի ժ/պ Վահե Վարդապետյանը, ում կարծիքով՝ մինչև օրվա ավարտը հրդեհաշիջման աշխատանքերը կավարտվեն։

«Ազատության» նկարահանման պահին կրակ չկար, բայց անզեն աչքով էլ երևում է՝ ինչպես է հրդեհված աղբից առաջացած ծուխը տարածվում ողջ քաղաքի վրա:

«Փորձում ենք մաքսիմալ արագ, ինչքան հնարավոր է և՛ ծուխը կանխարգելենք, և՛ հողային աշխատանքներով հոտի տարածումը», - հավելեց նա, - «Երկար չի տևել այս ամենը: Երեկ ժամը 15:00-ին է բռնկվել, ու հիմա մենք 2 ժամվա մեջ կամ ամենաուշը երեկոյան ամբողջական ավարտ կունենանք հրդեհաշիջման աշխատանքների»:

Նուբարաշենի աղբավայրի հարակից շենքի բնակիչներն այդ օդը շնչում են արդեն տասնյակ տարիներ. տևական պայքարն արդյունք չի տվել, կուտակվող, ամռան ամիսներին էլ վառվող աղբի հոտին ու ծխին ընտելացել են: Ասում էին՝ չինովնիկները միայն մի բան են շատ լավ անում՝ հանգցնում են և՛ աղբավայրի հրդեհը, և՛ բնակիչների զայրույթը։

Գրեթե 52 հեկտար տարածք զբաղեցնող աղբավայրում տարեկան 300 հազար տոննա թափոն է կուտակվում, աղբն այստեղ չի տեսակավորվում ավելի քան կես դար։ Ներկա և նախկին իշխանությունները միշտ շռայլ խոստումներ են տվել աղբավայրը փակելու, նոր՝ ժամանակակիցը կառուցելու մասին: Տարիներն անցնում են, ու սայլը տեղից չի շարժվում, միայն պաշտոնյաներն են փոխվումմ ու աղբն է շատանում։

«50 տարի ուղիղ ես էդ պատմությունը լսում եմ, մի տարի, երկու տարի հետո, երեք տարի հետո, հանգստացեք, եկող տարի լինում է», - ասաց բնակիչներից մեկը:

Առնվազն երեք անգամ հայտարարվել և հետաձգվել է նոր աղբավայրի շինարարությունը սկսելու մասին համաձայնագրի ստորագրման ամսաթիվը։



Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունից, թե Նուբարաշենի, Էրեբունու աղբավայրի ծրագիրը վստահաբար կիրականացվի, մեկ տարի անց էլ այսօր քաղաքապետարանից հայտնեցին՝ հստակ ժամկետներ չկան՝ երբ կկառուցվի նոր աղբավայրը, ու կփակվի հինը։

Տարիներ շարունակ բնապահպանները, առողջապահության ոլորտի մասնագետներն ահազանգում են՝ աղբի ինքնայրումից մթնոլորտ են արտանետվում տարբեր տիպի թունավոր, այդ թվում՝ քաղցկեղածին նյութեր, որոնք շնչառական, սրտանոթային ու քաղցկեղային հիվանդությունների առաջացման հնարավոր պատճառներից են։
Առանց այդ էլ օդի աղտոտվածության լուրջ խնդիր ունեցող Երևանում հիմա էլ այրված աղբից գոյացած մոխրագույն ամպն է ծանրացած մայրաքաղաքի գլխին։