Հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համար. Արցախի ՄՆ

Մարտակերտ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի տարածքներում վերջին մեկ շաբաթվա ընթացքում բռնկված հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համար, հայտարարել է Արցախի մշակույթի նախարարությունը:

Ըստ այդ հայտարարության՝ հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան, կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։

Արցախի մշակույթի նախարարությունը նշում է, որ Ադրբեջանը, միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ կոնվենցիաների համաձայն, պարտավոր է իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ապահովել մշակութային և բնական ժառանգության պահպանումը, ձեռնարկել անհետաձգելի միջոցներ հրդեհների մարելու և հասցված վնասների վերականգնման ուղղությամբ։

Նախարարությունը հավելել է, որ միջազգային կառույցները և մասնագիտացված կազմակերպությունները ևս պետք է պատշաճ գնահատական տան ստեղծված իրավիճակին և իրականացնեն գործուն քայլեր՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։

Լեռնային Ղարաբաղի տարածքում բռնկված հրդեհը օրեր շարունակ մարել չի հաջողվում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները: Այն բռնկվել է Մարտակերտի տարածքում, վերջին օրերին ընդգրկել նաև Թալիշը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղում բռնկված հրդեհները դեռ չի հաջողվում մարել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղում անցած օրերին բռնկված անտառային հրդեհները մարել չի հաջողվում