Արցախում անտառներն ու գյուղերը կրակի մեջ են. վեցերորդ օրն է՝ հրդեհը չի մարվում

6 օր է՝ կրակն Արցախի անտառներն ու գյուղերն է կուլ տալիս. Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ամեն օր կադրեր է տարածում, թե ինչպես են փրկարարները ցամաքում փայտերով կրակի դեմ կռիվ տալիս, օդից ուղղաթիռներով ջրի շիթեր իջեցնում, բայց հրդեհն, ասում են, ամբողջությամբ մարել չի ստացվում:

«Ես չեմ կարող գնահատական տալ ադրբեջանական հատուկ ծառայությունների գործունեությանը, որովհետև մենք չունենք օբյեկտիվ պատկեր, թե ինչ է այնտեղ կատարվում, ինչպես են մարում և այլն: Մենք ունենք ընդամենը մի քանի տեսագրություն: Ես կարող եմ ասել միայն, որ երբեք 30 տարվա Արցախի Հանրապետության ժամանակաշրջանում այդ ծավալի հրդեհներ չենք ունեցել: Հրդեհները շատ արագ մարվում էին ու ես չեմ կարող ասել, որ այս տարվա շոգերը, եղանակային պայմանները շատ ավելի վատ են հրդեհավտանգ լինելու առումով», - ասաց հուշարձանների պահպանության ոլորտի երկարամյա համակարգող Սերգեյ Շահվերդյանը:

Արցախի մշակույթի նախարար, նաև հուշարձանների պահպանության ոլորտի երկարամյա համակարգող Սերգեյ Շահվերդյանը հենց ադրբեջանական պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությունն է վերլուծում. 620 հրշեջ է աշխատում հրդեհի բռնկման տարածքում, որ Արցախի արևլյան սահմանագիծն է՝ 230 կիլոմետր՝ Ջրականից մինչև Թալիշ:

Հրդեհը չե՞ն կարող մարել, թե՞ չեն ուզում. դժվար է եզրահանգում անել միայն Բաքվի պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկատվության հիման վրա, բայց որ այդ նույն հատվածներում նախորդ 30 տարիներին բռնկված հրդեհները արագությամբ մարվել են՝ հիշում են:

Այսօր Արցախի մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջով ահազանգ տարածվեց՝ կրակի գոտում շուրջ 100 պատմամշակութային հուշարձան է վտանգված, այդ թվում՝ Ամարասի վանքը, Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը: Միջազգային կառույցներին կոչ են անում գնահատական տալ այս իրավիճակին, քայլեր անել:

Կրակի գոտում են Հադրութը, Մարտունին, Մարտակերտը, Ասկերանը: Արդյոք արդեն հրդեհված հուշարձաններ կա՞ն՝ Սերգեյ Շահվերդյանն ասում է՝ ոչ ոք հստակ չգիտի. ադրբեջանական կողմի տարածած կադրերում տեսել են, որ կրակը Նախիջևանիկ գյուղ է հասել, Վարդաձոր, Նորագյուղ, Մարտունու Նոր Շեն, այստեղ արդեն հրդեհվել են թթենու 200 տարվա այգիները:

«Այդ համայնքի պատմական հողերում աճեցված և մինչև վերջերս աճեցվող թթենիների այգիները: Մենք ունենք մի քանի այդ տեսակ այգիներ Ամարասի վանքի շրջակայքում, ցավոք, չենք կարող ոչինչ ասել, թե ինչ է կատարվում այդ այգիների հետ, ինչ է կատարվում Ամարասի վանական համալիրի հետ, որովհետև տեսագրություններ չունենք հրապարակված, փաստացի տվյալներ չունենք», - նշեց Շահվերդյանը:

Հրդեհները բառացիորեն աջակցում են պաշտոնական Բաքվին՝ ոչնչացնելու Արցախի հայկականությունը, Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը չգիտի Ադրբեջանը միտումնավոր է ձգձգում հրդեհի մարման գործը, թե պարզապես բավարար ուժեր չկան: Վստահ է, սակայն, որ հետո հրդեհի հետևանքների վերացման անվան տակ ոչ միայն գյուղեր, նաև բազմաթիվ հուշարձաններ են ջնջելու:

«Այրված տների քանդման մեջ կարող են նաև լինել հուշարձանները, մենք չենք բացառում այդ ամենը, որովհետև ո՞վ է Ադրբեջանի ձեռքը բռնում, իրենք ինչ ցանկանում, ինչ ուզում անում են», - ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը:

Ո՞վ է հետաքննելու հետո՝ կրա՞կն ավերեց, թե՞ Բաքվի ձեռքը ... Այս պահին էլ Մարտակերտի Թալիշն է այրվում՝ հայկական հնագույն գյուղ, 5-րդ դարի Հոռեկա վանքով, Մելիքական ապարանքով: