Քաղցկեղը հաղթահարած երիտասարդի առողջական վիճակը բանտում վատացել է. փաստաբանի ահազանգը

Աղասի Արշակյանն անցնում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով

Ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի գործով կալանավորված երիտասարդի վիճակը բանտում գնալով վատանում է, ահազանգում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

«Որպես քաղցկեղից բուժված բուժառու, հատուկ հետևանքների դեմ պայքարի շրջանակներում հատուկ բժշկական հսկողության տակ է, այսինքն՝ որոշակի պարբերականությամբ МРТ հետազոտություն է անցնում, տվյալներն ուղարկում իր բժշկին արտասահման: Կոնկրետ սննդակարգի է հետևում՝ մաքուր օդ, զբոսանքներ և այլն: Այս ամեն ինչը, բնականաբար, քրեակատարողական հիմնարկում ապահովելը պրակտիկորեն հնարավոր չէ», - «Ազատությանը» պատմեց փաստաբանը:

Ընդդիմադիր հայացքներ ունեցող Աղվան Արշակյանը կալանքի տակ է Բագրատ սրբազանի գործով. երկու տարի առաջ թեև հաղթահարել է գլխուղեղի քաղցկեղը, բայց մշտական հսկողության տակ է: Անցած ամիս կալանավորվելուց հետո խնդիրներն ավելի են սրվել, մտահոգվում է փաստաբանը, որն այսօր էր տեսակցել պաշտպանյալին:

«Ընդ որում, իր մոտ էդ հիվանդության պատճառով ձախ կողմի վերջույթների ֆունկցիոնալ խանգարում է եղել, այսինքն՝ ձախ կողմի ձեռքն ու ոտքը չեն աշխատում, չնայած՝ բուժվելուց հետո, երկու տարիների ընթացքում, որոշակի պրոգրեսիվ աճ է ունեցել: Այսինքն՝ բավականին վերականգնվել էին ոտքի ու ձեռքի ֆունկցիաները, բայց կալանքի կրման պահից էլի ռեգրես է ապրում, պրակտիկորեն չի շարժում ձեռքն ու ոտքը»,- ասաց փաստաբանը:

Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ 28-ամյա տղամարդու վերջույթներն օր օրի ավելի սահմանափակ են գործում: Ընդգծում է՝ վիճակը սրվեց սթրեսից, երբ նա հայտնվեց ճաղերից այն կողմ. «Օրինակ, ի՞նչ է պետք երկու ձեռքով անելու համար. լողանալ, երկու ձեռքով չի կարողանում լողանալ, հագնվելն է իր մոտ դժվար ստացվում»:

Փաստաբանի խոսքով՝ կալանքի նիստին բժշկական փաստաթղթերը ներկայացրել են, բայց որպեսզի հստակեցվի խնդիրը, նշանակվել է փորձաքննություն, որի պատասխանը դեռ չկա: Ասում է՝ քանի դեռ չկան փորձաքննության տվյալները, չի կարող պնդել, որ քննիչներն ու դատախազները միտում ունեն երիտասարդին պահել անազատության մեջ: Որպեսզի արագացվի նրան ազատ արձակելու հարցը, փաստաբանը դիմել է դատախազին, որ փոխի խափանման միջոցը:

«Մարդը երկու տարի առաջ հրաշքով փրկվել է քաղցկեղից, բժիշները էստեղ հույս չեն տվել, մի կերպ բուժվել է, բավականին բարդ քաղցկեղի տեսակ է, շինծու քրեական վարույթով մեղադրյալ են ներգրավել, լավ են արել, հասկանալի է, գործ են քննում, թող մեղադրյալ ներգրավեն, ապացույցները հավաքեն, լավ՝ էդ տղան չէ՞ր կարող տանը մնալ, մի մայր ունի, նրա խնամքի տակ լիներ, մայրը հանգիստ լիներ, սենյակը օդափոխեր...»:

Հարությունյանն ընդգծում է՝ խնդիրն այլ տեղ է. դատարանը կարող էր պարզապես չկալանավորել քաղցկեղ հաղթահարած երիտասարդին, բայց քանի որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործի մասին է խոսքը, այլ բան չէին էլ սպասում դատարաններից: Այս գործով անցնող 16 մեղադրյալներից 15-ը կալանավորված են:

Մինչ կստացվի փորձագիտական եզրակացությունն ու ըստ դրա կորոշվի Աղվան Արշակյանին բանտից ազատելու հարցը, Առողջապահության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնից «Ազատությանը» փոխանցեցին՝ երիտասարդը գտնվում է իրենց անմիջական հսկողության ներքո:

Փաստաբանի պնդմամբ՝ Արշակյանի տնից որևէ անօրինական իր չեն առգրավել, առհասարակ՝ հերքվում է նրա առնչությունը որևէ անօրինականության. - «Պիտի անպայման տանեին էդ առողջական վիճակով, էս շոգին տանեին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, Աղվանին դարձնեին վիճակագրություն: Ես օր օրի եմ տեսնում իր առողջական վիճակի վատթարացումը»:

Փաստաբանը, որ քննիչի որոշմամբ՝ քրեական գործից մանրամասներ հայտնելու իրավունք չունի, հիշեցնում է իրավապահների դիրքորոշումն ու ակտիվությունը նախաքննության տվյալներ հայտնելու հարցում: Գլխավոր դատախազն էր անգամ Հանրայինի եթերում մանրամասներ փոխանցել:

«Բարձրաստիճան պաշտոնյաներին եթե սարկավագներից մեկն է հարցնում, թե որ սպանեն, ի՞նչ կլինի, և այդ միտքն այնպես չէ, որ մի անգամ ինչ-որ պոռթկում էր, էլի քննարկում էր այս հարցի շուրջ: Հիմնական պաշտոնյաներն, ովքեր թիրախում էին, վարչապետն էր, ԱԺ նախագահը և արտաքին գործերի նախարարը», - ասել էր գլխավոր դատախազը:

Աննա Վարդապետյանը պնդել էր, որ Գալստանյանի առաջնորդած շարժումը խաղաղ չէր, ավելին՝ նպատակ ունեին հասնել ընդհուպ վարչապետին: Ըստ նրա՝ դա են վկայում խոսակցությունները, առգրավված հրավտանգ նյութերը, զենքերը, երթևեկությունը խաթարող պարագաները: Տավուշի թեմի նախկին առաջնորդն ու նրա հետ կալանավորված մյուս անձինք հերքում են մեղադրանքը: