ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը կիրակի օրը հասել են առևտրի շրջանակային համաձայնության՝ ԵՄ ապրանքների մեծ մասի վրա սահմանելով 15 տոկոս ներմուծման մաքսատուրք:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համաձայնագրի մասին հայտարարել են Շոտլանդիայի արևմտյան հատվածում գտնվող Թրամփի շքեղ գոլֆի ակումբում մեկ ժամ տևած հանդիպումից հետո, որն էլ վճռորոշ է եղել ամիսներ տևած բարդ բանակցությունների համար։
«Կարծում եմ՝ սա երբևէ կնքված ամենախոշոր գործարքն է», - լրագրողներին ասել է Թրամփը՝ գովաբանելով ԵՄ-ի ծրագրերը՝ մոտ 600 միլիարդ դոլար ներդնելու ԱՄՆ-ում և զգալիորեն ավելացնելու ամերիկյան էներգիայի և ռազմական տեխնիկայի գնումները։
Թրամփի խոսքով՝ այս համաձայնագիրը, որը գերազանցում է անցած շաբաթ Ճապոնիայի հետ կնքված 550 միլիարդ դոլարանոց գործարքը, կզարգացնի Տրանսատլանտյան գործընկերությունը՝ ԱՄՆ-ի արտահանողների հանդեպ տարիներ շարունակ տիրող անարդար վերաբերմունքից հետո։
Ֆոն դեր Լայենը, Թրամփին նկարագրելով որպես կոշտ բանակցող, նշել է, որ 15 տոկոս մաքսատուրը կիրառվում է «համապարփակ ձևով»:
«Սա լավագույնն էր, ինչ կարող էինք ստանալ», - ասել է նա:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունել է համաձայնագիրը՝ նշելով, որ այն կանխել է առևտրային հակամարտությունը, որը ծանր հարված կհասցներ Գերմանիայի արտահանմանը հիմնված տնտեսությանը և խոշոր ավտոմոբիլային ոլորտին
Թրամփը պահպանել է մաքսատուրքերը հետագայում բարձրացնելու հնարավորությունը, եթե եվրոպական երկրները չկատարեն իրենց ներդրումային պարտավորությունները, կիրակի երեկոյան լրագրողներին հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։