Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի ու եկեղեցականների հասցին վարչապետի ու նրա թիմակիցների հայտարարություններն ու գրառումները հանցագործություն չեն՝ եզրակացրել են իրավապահներն ու մերժել ընդդիմադիր «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանի դիմումը՝ Փաշինյանին ու մյուսներին դատարանի առջև կանգնեցնելու մասին:
«Բոլորը տեսնում են՝ ինչպես է նա իր գրառումներով անընդհատ եկեղեցուն անվանարկում, նրա հոգևորականներին, սպասավորներին անվանարկում, նրանց սպառնում, դիմում ավազանի անունով, որի իրավունքն այլևս չունի», - ասաց Ավետիք Չալաբյանը:
Չալաբյանը հուլիսի սկզբին ահազանգել էր, որ վարչապետի գլխավորությամբ իշխանականները խախտել են Քրեական օրենսգրքի առնվազն 4 հոդված, երբ արդեն երկու ամիս է՝ ամենօրյա ռեժիմով գլխավոր թեմա են դարձրել եկեղեցին, կաթողիկոսին, նրա և մյուսների կողմից կուսակրոնության ուխտը խախտելու, Վեհարանը սրբապղծությունից ազատելու հարցերը:
Փաշինյանն, ի հերթին, ասում է, որ ինքն այս դեպքում հանդես է գալիս որպես Հայ Առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ, ու իր նպատակն է Մայր Աթոռն ազատել կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականներից:
«204-ը վերաբերում է առանց անձի թույլտվության նրա ընտանեկան գաղտնիքները բացահայտելուն, 209-ը վերաբերում է սադրելուն, 441-ը՝ իրավունքների գերազանցմանը և 329-ը ատելության խոսքն է՝ պայմանավորված կրոնական պատկանելությամբ և այլն», - ներկայացրեց նա:
Չալաբյանը 23 էջանոց հաղորդման մեջ զետեղել էր վարչապետի, նրա տիկնոջ, իշխանականների ֆեյսբուքյան գրառումները:
«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:
«Պոռնկաբարո «հոգեվորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ։»,
«Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը։ Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը եւ բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո»։
Փաշինյանը հունիսի 10-ի Ֆեյսբուքի իր գրառմամբ հայտնել էր, որ պիտի ստեղծեն Համակարգող խումբ, որն էլ կզբաղվի վեհարանը կաթողիկոսից ու մյուսներից ազատելու՝ կազմակերպչական հարցերով:
«Հայաստանյաց առաքելական եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդներ, որպես ձեզնից մեկը դիմում եմ ձեզ, մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանն ազատելու ու կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ», - ներկայացրեց Չալաբյանը:
«Հայաքվե»-ի համակարգողի խոսքով՝ սա հանցագործության աղաղակող օրինակներից մեկն է, երբ բարձրաստիճան պաշտոնյան փորձում է միջամտել իր գործառույթներին չառնչվող ոլորտի:
«Քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում անձի խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացման, այդ թվում՝ կրոնական կազմակերպության օրինական գործունեությանը կամ կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու համար», - նշեց Ավետիք Չալաբյանը:
Ընդդիմադիր գործիչը հիշեցնում է, որ եկեղեցին ունի իր կանոնագիրքն ու այդ կառույցում ամեն քայլ կարգավորվում է դրանով, ոչ թե վարչապետի հայտարարությամբ ու օրակարգով: Պետությունն իրավունք չունի խառնվել կրոնական որևէ կազմակերպության, այդ թվում՝ Առաքելական եկեղեցու գործերին, եթե նրանց ներկայացուցիչներից որևէ մեկը չի խախտել որևէ օրենք: Իսկ Փաշինյանը մինչև հիմա որևէ փաստ չի բերել այդ մասին, հիշեցնում է Չալաբյանը:
«Առնվազն 4 հոդվածով առերևույթ քրեական գործ պետք է հարուցվի, լինի, այո, գործընթաց համապատասխան, նախաքննություն, հետո դատաքննություն, ու Փաշինյանը և ոչ միայն Փաշինյանը, այս գործը Փաշինյանի մասին չէ միայն, այլ իր ամբողջ խմբակի մասին է, որոնք իրենց զուգընկերներով ձայնակցում են կողքից, վիրավորական արտահայտություններ են անում հոգևորականների հասցեին և այլն», - նշեց նա:
Հակակոռուպցիոնի քննիչի որոշումը հաստատել է դատախազը: «Հայաքվե»-ի առաջնորդը մտադիր է բողոքարկել: Պնդում է՝ այս որոշման հեղինակները մի օր կենթարկվեն պատասխանատվության. - «Մենք ապրում ենք բռնապետության պայմաններում, որտեղ իրավապահ մարմինները պարզապես բռնազավթված են գործող քաղաքական վարչախմբի կողմից»:
Փաշինյանին ու նրա թիմակիցներին դատելու նպատակով Չալաբյանից հետո նույնաբովանդակ հաղորդում է ներկայացրել փաստաբան, «Զարթոնք» կուսակցության առաջնորդ Արա Զոհրաբյանը: Այն Հակակռուպցիոն կոմիտեում է՝ ուսումնասիրվում է:
Վարչապետ Փաշինյանի դեմ, ըստ էության, առայժմ երկու վարույթ կա՝ այն էլ ոչ թե իրավապահ կառույցներում, այլ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում: «Սրբազանի» և «քեռակնոջ» գրառման, խորհրդարանում ընդդիմադիրներին «համբալ» ասելու համար են հարուցվել այս վարույթները, որոնք դեռ ընթացքի մեջ են: Հանձնաժողովը մինչև օգոստոսի 31-ը ժամանակ ունի պարզելու՝ Փաշինյանը պաշտոնյայի էթիկական նորմերը խախտե՞լ է, թե՝ ոչ: