Մոտ մեկուկես ամիս կալանքի տալ գտնվող «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ գործարարի կալանքը վերացնելու հարցով: Տեղեկությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Ակնհայտ է, որ նման տևական, անհիմն և ապօրինի կալանքը Սամվել Կարապետյանի նկատմամբ ենթակա է վերացման Դատախազի կողմից: Անհրաժեշտ է նշել՝ նախորդող շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել կոնկրետ վարույթային գործողություններ հենց պաշտպանական խմբի կողմից նախաձեռնված, որոնց արդյունքներն առավել քան հստակ են: Դրանց արդյունքում նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը», - գրել է փաստաբանը:
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ստացել են պաշտպանների գրությունը, բայց թե ի՞նչ դիրքորոշում ունեն, առարկելո՞ւ են, թե՞ համաձայն են, կառույցից չհայտնեցին:
Սամվել Կարապետյանը հունիսի 18-ից կալանքի տակ է, մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու համար։ Մեղադրանքի հիմքում հունիսի 17-ի կարճ հարցազրույցում արած հայտարարությունն է, երբ գործարարը քննադատել էր Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իշխանության քայլերը, ապա ընդգծել. - «Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:
Սամվել Կարապետյանը այժմ էլ ԱԱԾ մեկուսարանից է իր հայտարարությունները եզրափակում «Մեր ձևով» արտահայտությամբ, այն կիրառում են նաև միլիարդատեր գործարարի համախոհները: Իսկ անցած շաբաթվանից Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշականված Ռոմանոս Պետրոսյանը, ամենայն հավանականությամբ՝ հենց այս ձևակերպմանն ի պատասխան, օգտագործում է «ձև չունեք» տարբերակը:
Փաստաբան Արամ Վարդևանյանը, ըստ երևույթին հենց Պետրոսյանին նկատի ունենալով, անդրադարձել է նաև այս արտահայտություններին:
«Վերջին օրերին որոշ անձանց կողմից նկատվում է «ձև չունեք» արտահայտության օգտագործումը: Պարզ վարժությամբ կարելի է արձանագրել, կամ նշվածը ևս հանդիսանում է Քրեական օրենսգրքի տիրույթում արարք-կոչ, ի թիվս այլի «իշխանությունը պահելը, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելը», կամ երկու դեպքում էլ գործում է խոսքի ազատության ընդհանուր կանոնները: Ուշագրավ է, որ մի դեպքում խոսքն ուղղված էր Մայր Աթոռը պաշտպանելուն, մասնակցելուն, իսկ մյուս դեպքում Արբիտրաժի որոշման կատարելուց խուսափելուն», - գրել է Վարդևանյանը:
Բացի այն, որ Սամվել Կարապետյանի «մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու» արտահայտությունը որակվել է իշխանազավթման կոչ, մոտ երկու շաբաթ առաջ Քննչական կոմիտեն հայտնեց՝ գործարարին մեղադրանք է առաջադրվել նաև «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման», «առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը չվճարելը կազմակերպելու» և «առանձնապես խոշոր չափերով խարդախություն կազմակերպելու» հոդվածներով:
Կառվարության ղեկավարին և նրա թիմին քննադատող Կարապետյանը իր շուրջ տեղի ունեցողը որակում է ապօրինություն, որ հաջորդեց եկեղեցին պաշտպանելու իր պատրաստակամությանը: