Կառավարությունը Գյումրին ժամանակավոր կացարաններից ազատելու հերթական վերջնաժամկետ է սահմանել 2027 թվականը: Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի 30, այս տարի` դեռ 23 տնակ է ապամոնտաժվել, ու եթե մոտ 2 հազար 400 տնակների ապամոնտաժումն այս տեմպերով շարունակվի, ապա շուրջ 80 տարի պետք կլինի:
Տնակներում ապրողներին մի քանի տարի առաջ Կառավարությունը հաշվառեց, ամեն մի ընտանիքի դասակարգեց, թե ըստ տնակում հայտնվելու փաստի ինչ փոխհատուցում կտրամադրվի:
Այժմ տնակներում ապրողների մեծ մասը երկրաշարժից անօթևանի կարգավիճակ չունի՝ կամ հետո են տնակ գնել, կամ էլ ընտանիքներն են մեծացել, կիսվել, ու ամենաէժան տարբերակը ժամանակավոր կացարան գնելն է եղել:
Պետությունը մոտ 400 ընտանիքի նկատմամբ բնակարանով ապահովելու պարտավորություն ունի: Մի քանի տարի առաջ Գյումրիում համայնքապետարանը սկսեց տնակների ապամոնտաժումը, առաջնահերթ՝ փակ տնակները, որտեղ ոչ ոք չի ապրում: Այդպիսի 800 տնակ կա: Հետո հերթը նրանցն էր, ովքեր բնակարան ժամանակին ստացել, վաճառել ու կրկին տնակում են հայտնվել: Վերջիններիս տնակի ապամոնտաժման համար Կառավարությունը մեկ տարվա տան վարձ էր խոստացել փոխհատուցել: Դրանից հետո բնակարան ճարելու խնդիրը մնում է բնակչի ուսերին: Այս բնակիչները տնակներն ապամոնտաժելու բազմաթիվ ծանուցումներ ստացել են, բայց հրաժարվում են դուրս գալ իրենց կացարաններից:
Չնայած իր իսկ սահմանած վերջնաժամկետին՝ Կառավարությունն առայժմ չի հստակեցնում, թե անօթևանների խնդիրը Գյումրիում ի՞նչ տարբերակով է լուծելու՝ բնակարանների գնման վկայագրի՞, թե՞ բնակարանաշինության:
Վերջին տարբերակի համար ավելի շատ սոցիալական բնակարանաշինության տարբերակն է քննարկվում, որ ընտանիքը հնարավորություն չունենա այն վաճառել ու կրկին տնակում հայտնվել: Գյումրիում բարեգործական կազմակերպություններից մեկը սոցիալական բնակարանների մի քանի ծրագիր իրականացրել է: Քաղաքային իշխանությունների փոփոխությամբ պայմանավորված՝ տնակների ապամոնտաժման գործընթացը սկզբում շատ դանդաղ տեմպերով էր ընթանում, հետո ընդհանրապես դադարեց:
Ի՞նչ է պատրաստվում անել քաղաքային նոր իշխանությունը անօթևանության խնդրի լուծման ուղղությամբ: Քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասում է՝ Գյումրիում բազմաթիվ կիսակառույցներ կան, որոնք կարելի է ավարտին հասցնել ու անօթևաններին բնակարաններով ապահովել: Ցանկ է կազմել ու Կառավարություն ուղարկել, վարչապետին հուշել, թե ինչ տարբերակ կա:
«Ես հիմա գրություն եմ ուղարկել և շենքերի ցանկ եմ ուղարկել՝ մոտավորապես 10 հատ շենք, որ կարելի է դրանք բոլորը դարձնել բնակարաններ, և եթե պիտի ծախսենք, ասենք, 5x գումար, էդ շենքերը քաղաքում առկա են, կարելի է 5x-ի դիմաց 1x կամ 2x ծախսել և մարդկանց հարցերը կարգավորել: Ես հուշել եմ վարչապետին, ուղարկել եմ գրություն և դրա տերն եմ: Եվ էդ շենքերը քաղաքում անտերուդուս մնացել են, լրացուցիչ պահակներ է պետք, թալանվում է ժողովրդի կողմից, մեծամասնությունն էլ քաղաքապատկան չեն, այսինքն՝ հիմա իրանք՝ էդ բանի նախարարությունը նստել է ու կլիենտ է ման գալիս, որ վաճառք կազմակերպեն, լավ զգան իրանց: Հիմա ես էդ ցանկը ուղարկել եմ», - հայտարարեց Ղուկասյանը:
Կանչում է Գյումրի, որ գան, ու տեղում ցույց տա, թե ինչ շենքերի մասին է խոսքը. - «Էկեք ցույց տամ՝ ինչի մասին է խոսքը, և էդ շենքերը ինչ վիճակում են: Այսինքն՝ կարելի է արագ կարգով երկրի բյուջեից գումար դնել և էդ շենք-շինությունները կառուցել, հատկացնել մարդկանց, եթե ցանկություն ունեն, եթե ուզում են անօթևանների հարցը լուծվի»:
Եթե գումարը կա, բայց դիտավորյալ հարցը չեն լուծի, ապա «ուրեմն անպայման աղմուկ կլսեն, կբարձրաձայնենք, կպայքարենք իրենց հետ, որ «դուք դիտավորյալ մարդկանց թողնում եք տնակների մեջ, գումարը կա, բայց դուք չեք կառուցում մարդկանց բնակարանները», - ասաց քաղաքապետը:
Մասնավորին ևս առաջարկել է, որ կիսակառույցները վերականգնեն՝ պայմանով, որ դրանցից մի քանիսը հատկացվի անօթևանություն ունեցող ընտանիքների. - «Որոշակի բնակարանները հատկացնեն քաղաքին, որոշակին էլ իրենք վերցնեն և վաճառեն, շահույթ ստանան: Այսինքն՝ էդ աշխատանքը տարվում է, մի քանի հոգի արդեն ցանկություն են հայտնել: Կտեսնեք, որ մենք էդ գործը ևս տեղից կպոկենք»:
Կառավարությունը վերջերս Շիրակի մարզի 7 ընտանիքի բնականների գնման վկայագիր տրամադրելու համար գումար հատկացրեց: Այդ ընտանիքներն, ի դեպ, դատարանի որոշմամբ էին իրենց անօթևանի կարգավիճակը վերականգնել: Իսկ Գյումրիի քաղաքապետի առաջարկին գործադիրից դեռ չեն արձագանքել: