Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետը՝ շատրվանների սկանդալի մասին. «Դիտավորյալ արեցին»

Լրացված

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան, արխիվ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան, արխիվ

Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պնդում է՝ քրեական ենթամշակույթի հետ ասոցացվող երգը, որ երեկ հնչել էր քաղաքի կենտրոնական հրապարակում, դիտավորություն է:

«Հավանական է՝ գիտեին, որ իմ 100 օրն է, ես պետք է ասուլիս տամ, իրիկունը, երեկ իրիկունը ման էլ եմ եկել, չեմ լսել էդպիսի բան, ուրեմն պատկերացրեք դիտավորյալ արեցին», - հայտարարեց Ղուկասյանը:

Երեկ երեկոյան իրար հերթ չտալով ՔՊ-ական նախարարներն ու պատգամավորները քննադատում էին Գյումրիի կենտրոնում՝ քաղաքապետի տնից մի քանի հարյուր մետր այն կողմ երգող ու պարող շատրվանների "Доля воровская" երգը: Ընդգծում էին, թե Գյումրիում քրեական ենթամշակույթն է խրախուսվում:

«Բայց ինձ ինչի՞ են օրինակ ուղղում, ես զարմանում եմ, թե քաղաքապետը ի՞նչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ», - ընդգծեց Գյումրիի քաղաքապետը:

Այսօր առավոտյան էլ վարչապետ Փաշինյանն է առանց անուն նշելու, բայց թերևս ակնարկելով մի քանի քրեական գործերով անցնող Ղուկասյանին, ռուսերենով գրառում արել, թե "Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться!" («Գողը պետք է նստի բանտում, այլ ոչ թե շատրվաններով խաղ անի»):

Այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու նպատակով հրավիրած ասուլիսում Ղուկասյանը զարմացավ, որ թեմային նախարարներ ու վարչապետն են անդրադարձել:

«Նախարարներ, ինչի՞ն են անդրադարձել, ի՞նչ է եղել, իյա՜», - ծիծաղեց քաղաքապետը:

Հետո հեռախոսով ցույց տվեց, թե ինչպես է ինքը Ինստագրամի ռիլում վարժ իտալերեն ու գերմաներեն «խոսում». - «Տեխնիկան էնպես է, որ ամեն ինչ կարող են անել, ես հիմա մի հատ բան եմ ձեզ ցույց տալիս, թե իրանք ինչ են արել իմ գլխիս ... Էս մարդիկ էլ բանուգործ չունին, ընկել են սպես բաների հետևից: Յեքա երկիրը երրորդ համաշխարհային պատերազմի առաջ կագնած ենք, իրանք ընկել են ... »:

Քաղաքապետարանի կայքում էլ ներողություն են խնդրել ու պնդել, թե տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է:

Շատրվանների թեման թեժ էր, բայց ասուլիսում այլ հարցերի էլ անդրադարձ եղավ. օրինակ՝ ընդդիմադիր համայնքապետն ինչպես է աշխատել կենտրոնական ու մարզային իշխանությունների հետ:

Վարչապետը մի քանի անգամ այցելել է Գյումրի, ու Վարդան Ղուկասյանը նրան ուղեկցողների մեջ չի եղել: Մարզխորհրդի նիստին էլ հրավիրել էին, ինչպես մյուս համայնքապետերին, բայց չի մասնակցել: Ղուկասյանն ասում է՝ աշխատակազմի ղեկավարի պատճառով համայնքը մարզխորհրդի նիստին չի մասնակցել: Փոխքաղաքապետերը կգնային, ինքը՝ չէ: Ինչո՞ւ. - «Որովհետև մարզպետը ինձ չի շնորհավորել»:

Երկրորդ քաղաքի նկատմամբ բոլոր իշխանությունները խտրական վերաբերմունք են ունեցել, ասում է, պնդում է՝ հիմա ևս: Օրինակ է բերում պետական բյուջեից հատկացվող դոտացիաները: Գյումրին 4.5 մլրդ է ստանում՝ մայրաքաղաքի համեմատ մի քանի տասնյակ անգամ պակաս: Ղուկասյանը տարօրինակ է համարում, օրինակ, որ ավելի քիչ բնակչություն ունեցող Արտաշատը Գյումրիից ավելի շատ գումար է ստանում:

«Արտաշատին տան 6 մլրդ դրամ՝ սա խայտառակություն է, ընդհանրապես, ուղեղիս մեջ չի մտնում: Մասիսին տալիս են 4 մլրդ 200 մլն», -ասաց Գյումրիի քաղաքապետը:

Բազմաթիվ խնդիրներ ունեցող Գյումրիի բյուջեն սահմանափակ է, թեև քաղաքապետը պնդում է՝ կարողացել են եկամուտների աճ ապահովել: Ինչպե՞ս, ստիպո՞ւմ են, թե՞ սիրաշահելով. - «Կրիմինալ չկա, սիրով, համբույրներով, էսպես, պաչիկներով, բաներով գնում ենք առաջ»:

100 օրում ի՞նչ է բացահայտել նախկինների արած-չարածներից. ավագանու նիստերին Ղուկասյանը բարձրաձայնում էր, թե քաղաքապետարանում անժամկետ պայմանագրերով աշխատակիցներ, հարկեր չմուծող արտոնյալներ են եղել: Արդյո՞ք կարողացել են պարզել, թե ուր է այն հնաոճ «Չայկա» ավտոմեքենան, որը ժամանակին իր պաշտոնավարման տարիներին շատ էժան օտարել էր հարազատ եղբորը ու որը հետո հաջորդ իշխանությունը ետ էր վերցրել:

«Չայկա»-ն Ամերիկա է, պտի էրթաս դու հետևից: Ես էլ եմ ուզում իմանալ՝ ի՞նչ էղավ էդ «Չայկա»-ն, Սաթիկ ջան, ի՞նչ էղավ էդ ... էկավ նստավ ու, բանը, «Չայկա», «Չայկա», «Չայկա», «Չայկա» ... «Չայկա»-ն, ուրեմն, արժեք իրանից չէր ներկայացնում, զերո դրամանոց «Չայկա»-ի մասին է խոսքը, զերո դրամանոց, մինչև էսօր էլ չգիտենք, թե «Չայկա»-ն ո՞րտեղ է: Մենք իրանց մակարդակին չէինք, էլի, որ սպես հելնեինք բան սարքեինք մարդկանց գլխին: Էնքան բան կա արած որ, չեմ ուզում խոսալ», - հայտարարեց Գյումրիի քաղաքապետը:

Նախընտրական շրջանում Գյումրիին ռուսական ներդրումներ խոստացող Ղուկասյանը հնարավոր համարո՞ւմ է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժին անդամակցելը կամ սատարելը:

«Հետագայում թե ինչ կստացվի, ով ում հետ կգնա, ոնց կստացվի, ես էս պահին պատրաստ չեմ որևիցե մի բան ասելու», - արձագանքեց քաղաքապետը:

Հինգերորդ անգամ Գյումրիի քաղաքապետի պաշտոնին վերադարձած Ղուկասյանն ասաց՝ ինքն, իր հերթին, պատրաստ է վարչապետի թեկնածու լինել. - «Եթե տեսնեմ, որ չկա այդպիսի մարդ, իսկ ժողովուրդը վստահի ու ինձանից պահանջի, ինձանից պահանջի, ասի՝ «հայի տղա ես, հենց լավ տղա ես, արի ստանձնի, պետք է կյանքդ դիր, կյանքդ դիր», ես էդ ժամանակ նոր պատրաստ կլինեմ իմ երկրին ծառայելու և ամեն ինչ անելու»:

Վերջին տարիներին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ հարաբերությունները կարգավորած Վարդան Ղուկասյանը կարծում է, որ սրբազանի գործը քաղաքական է: Բարձրաստիճան հոգևորականը կալանավորված է իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով:

«Չնայած մեր ջրերը նույն առվով չի գնացել սրբազանի հետ, բայց ես իրան հարգում եմ և գտնում եմ, որ քաղաքական պատվեր են արել», - հայտարարեց Գյումրիի քաղաքապետը:

Մի շարք հարցերի էլ անդրադարձավ, օրինակ՝ անօթևանության խնդրի լուծմանը: Քաղաքում կիսակառույցներ կան, որոնց հասցեները Կառավարություն են ուղարկել: Իսկ ավագանու առաջիկա նիստում մի շարք գույքեր են Կառավարությունից հետ ուզելու:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG