Դատախազությունն առաջարկում է արտաշիրիմում անել, որպեսզի պարզի՝ դեռ 24 տարի առաջ մայրաքաղաքի «Առագաստ» սրճարանում մահացած Պողոս Պողոսյանին դիտավորյա՞լ են սպանել, թե՞ նա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունն ապահովող թիկնազորի անդամներից «Կուկու» մականվամբ Աղամալ Հարությունյանի հետ քաշքշքուկի հետևանքով վայր է ընկել ու մահացել:
«Մենք կարող ենք էականորեն տարբերվող այլ պատկեր, և ակնկալվող արդյունքն այն է, որ հնարավոր է հայտնաբերվեն կոտրվածքներ՝ ոսկրային կոտրվածքներ, քանի որ վկայի նախնական նամակ-դիմումում [...] խոսք է գնում նաև ատրճանակի գործադրմամբ հարվածներ հասցնելու [մասին]», - երեկ դատարանում հայտարարեց դատախազ Ծովակ Մնացականյանը:
Այս գործը վերաբացվեց հինգ տարի առաջ: Դատախազությունը հայտարարել էր, թե նոր փորձաքննություն են անցկացրել ու պարզել՝ ջավախքցի 43-ամյա տղամարդը մահացել է ծեծի հետևանքով։
Դատախազ Մնացականյանը դատարանում պնդում էր, որ ժամանակին փորձաքննության համար օգտագործվել էին դեպքի վայրի զննության ժամանակ դիակի վրա արձանագրված վնասվածքները, նաև հետագայում դիակի արտաքին ու ներքին զննությամբ ստացված տվյալները:
Ըստ դրանց, մասնագետները եզրահանգել էին, որ երկրորդ նախագահ Քոչարյանին սրճարանում ողջունած դաշնակցական տղամարդը մահացել է Աղամալ Հարությունյանի հետ քաշքշուկի ժամանակ ընկնելու հետևանքով: Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել. նրան դատարանը երկու տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել անզգույշ սպանության հատկանիշներով։ Բայց երկրորդ նախագահի թիկնապահը բանտում ոչ մի օր չէր անցկացրել:
«Էդ տվյալների ուսումնասիրությունը, հարգելի դատարան, եթե մենք ոչ մասնագիտական աչքով էլ նայում ենք, չի համապատասխանում մի շարք ցուցմունքներին: Մասնավորապես, օրինակ, ականատես վկան նախորդ դատական նիստին հայտարարում էր, որ ինքը տեսել է, որ մի քանի տղամարդին ոտքերով հարվածում էին տուժողի դեմքի հատվածին, և ասում է, որ դեմքը սովորականից 20 աստիճանով ավելի լայնացած էր, աչքերը փակված էին, դեմքը ուռած էր, նման էր գնդակի», - ասաց Ծովակ Մնացականյանը:
Եվ որպեսզի պարզվի իրականությունը, դատախազն ակնկալում է, որ Պողոսյանի հարազատները կհամաձայնեն արտաշիրիմում անել: Պողոսյանների փաստաբանն այսօր «Ազատության» հետ զրույցում փոխանցեց՝ դեռ պատասխան չունեն: Դատարանում Հարություն Բաղդասարյանն ասել էր՝ համաձայն է փորձաքննություն անցկացնելուն, բայց արտաշիրիմում անելու հետ կապված կասկածներ ունի ոչ միայն ինքը, այլև ժամանակին Պողոսյանի գյուղում են դեմ եղել դրան:
«Ես սկզբունքորեն համաձայն եմ դատախազի ներկայացրած էն դրույթների հետ, որ, այո, գյուղում շատ-շատ բաներ են պատմում, որ էս քրեական գործի մեջ չկա, և պատմում էին, թե իրականում տուժողի, այսինքն՝ Պողոս Պողոսյանի թե՛ դեմքի և թե՛ պարանոցի, մատների վրա ինչպիսի հետքեր եղել են թաղման օրը», - նշել էր Բաղդասարյանը:
Հարություն Բաղդասարյանն արդարադատության հույս չունի այս իշխանության օրոք: Պնդում է՝ 24 տարվա վաղեմության սպանության այս գործն ակտիվանում է ներքաղաքական, օրինակ՝ նախընտրական գործընթացների շրջանում, երբ փորձում են ցույց տալ, որ այս իշխանությունների օրոք արդարադատություն է իրականացվում: Հիշեցնում է ամիսներ առաջ Ազգային ժողովի ամբիոնից Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հենց Պողոսյանի հարցով, երբ պարզած մահացածի նկարը՝ դիմում էր Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցությանն ու հիշեցնում Քոչարյանի օրոք տեղի ունեցած արյունալի այս դեպքը.
«Հարգելի հայրենակիցներ, սա Պողոս Պողոսյանն ա, որը մեր հարգարժան պատգամավոր Լևոն Քոչարյանի հորը անունով դիմելու համար զուգարանում ծեծվել և սպանվել է»:
Այս գործով միակ մեղադրյալի՝ Աղամալ Հարությունյանի փաստաբանն, իր հերթին, պնդում է՝ արդեն չորս տարի ձգվող դատավարությունն իսկապես դանդաղ է առաջ գնում: Ռոբերտ Բեջանյանի խոսքով՝ դատախազությունը փորձ է անում ցույց տալ, որ աշխատում են:
«Էս դատավարությունով խառնաշփոթ են ստեղծում, ավելի շատ հանրային աուդիտորիայում փորձում են ինչ-որ ոչ իրավական ձևով ինֆորմացիաներ տարածել, ինչ-որ կարծիքներ հնչեցնել, որը որ իրավաբանության հետ ոչ մի կապ չունի և էս գործի ընթացքի հետ ոչ մի կապ չունի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բեջանյանը:
Այս դատավարության ընթացքում հարցաքննված Միացյալ Թագավորության քաղաքացի վկան, որը ևս դեպքի օրը «Առագաստ» սրճարանում է եղել, հակասական ցուցմունքներ է տվել: Սթիվեն Նյուտոնը տարիներ առաջ «Ազատությանը» պատմել էր, թե ինչպես էր Աղամալ Հարությունյանն ատրճանակի կոթով ծեծում Պողոս Պողոսյանին, որն ընկած էր հատակին՝ համարյա մեռած: Բայց վերջերս դատարանում Նյուտոնն ասել է, թե Աղամալ Հարությունյանին չի տեսել հարվածելիս: Փաստաբան Բեջանյանի խոսքով՝ Նյուտոնն, ըստ էության, արդարացրել է իր պաշտպանյալին. - «Դուրս եկավ, որ Նյուտոնի ցուցմունքով ամբողջովին, ճիշտ է՝ էն ժամանակ էլ ապացույց չկար Աղամալ Հարությունյանի վրա, որ ինքն է թեկուզ անզգույշ սպանությունը կատարել, այնուամենայնիվ, հիմի ամբողջովին Նյուտոնի ցուցմունքով արդարացվեց Աղամալ Հարությունյանը»:
Նաև այս հակասության պատճառով է դատախազն առաջարկում ոչ միայն արտաշիրիմում ու կրկնակի փորձաքննություն անցկացնել, այլև նորից լսել գլխավոր վկային: