Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը այսօրվա հանդիպմանը քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա ընթացքը:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինն անդրադարձել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ ասել է, որ Միշուստինը ՀՀ պաշտոնակցի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
«Մենք կենտրոնացել ենք առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերի վրա։ Իհարկե, մենք մտահոգված ենք երկու երկրների միջև առևտրաշրջանառության կրճատմամբ»,- ասել է Օվերչուկն՝ ընդգծելով, որ վարչապետերը քննարկել են իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ քայլերը։
Նրանց հանդիպումը կայացել է Ալթայի Հանրապետությունում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում։ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: