Մատչելիության հղումներ

Օրենսդրության, միջազգային կոնվենցիայի խախտում թույլ չի տրվում. նախարարը՝ ՀԷՑ-ի մասին որոշումից


Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են, որոնց դերը մեր իրավական համակարգում ընդգծված է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ մեկնաբանելով ՀԷՑ–ի հետ կապված միջազգային արբիտրաժի որոշումը։

«ՀԷՑ–ի հետ կապված վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում», - նշեց նախարարը:

Նրա մեկնաբանմամբ՝ արբիտրաժի որոշումը հղում է արված Նյու Յորքի համապատասխան կոնվենցիային, որով սահմանվում է այդ որոշման կամ վճռի կատարման դեպքում դրա կատարման հնարավորություն, եթե կողմը ցանկություն ունի դա պարտադրաբար կամ հարկադրաբար ի կատար ածելու. «Եվ այդ ընթացակարգը առկա է նաև մեր ներպետական օրենսդրության շրջանակներում։ Եթե թարգմանեմ, պարզ լեզվով կասեմ հետևյալը, որ կողմը իրավունք և լիարժեք հնարավորություն ունի դիմելու ՀՀ ներպետական դատարանին, որպեսզի դատարանը ճանաչի և ճանաչի նախ արբիտրի որոշումը, և հետո նոր դառնա դա պարտադիր կատարման ենթակա։ Իհարկե, ներպետական օրենսդրությամբ և ոչ միայն նաև միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին»։

Գալյանը հավելեց, որ ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում է մյուս կողմի դիմումում՝ նպատակն է եղել խուսափել հնարավոր ճգնաժամից:

Նախարարը շեշտեց, որ Երևանն առաջնորդվում է ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով, որևէ խախտում՝ ոչ օրենսդրության, ոչ միջազգային կոնվեցիայի չի կատարում:

«Ինչ վերաբերում է միջազգային տրիբունալի համապատասխան որոշմանը, ապա մենք շատ համբերատար կսպասենք վեճի ըստ էության քննությանը», - հավելեց նա:

Կալանավորված գործարար, ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը երեկ հայտարարեց՝ ՀԷՑ-ն ազգայնացնելու կառավարության քայլերի դեմ միջազգային արբիտրաժային հրատապ գործ են հաղթել: Ըստ Կարապետյանի պաշտպանական թիմի՝ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է ձեռնպահ մնալ շաբաթներ առաջ փոխված օրենքներով սահմանված դրույթների կիրառումից ու «ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Գործադիրի արձագանքը չէր ուշացել՝ չհերքելով, որ Կարապետյանների օգտին է վճիռ կայացվել`կառավարությունը պնդել էր, թե քննված հարցերը ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակների շրջանակին չեն վերաբերում, վեճն այլ բանի մասին է:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG